Լիլիթ Մկրտչյանի հարցազրույցը Եկատերինա Դոլժիկովայի հետ |
Վերջերս շախմատային աշխարհում կազմվեց ևս մեկ երիտասարդ և գեղեցիկ
ընտանիք` շախմատային գերաստղ
Սերգեյ Կարյակինն ամուսնացավ միջազգային
վարպետ Եկատերինա Դոլժիկովայի հետ:Ամուսնանալուց հետո
նորապսակները մի
փոքր հանգստացան Ղրիմում և ուղեվորվեցին Ջերմուկ մասնակցելու Գրան Պրիի
մրցաշարին:
Եկատերինան մեր զրույցում սիրով կիսեց իր տպավորությունները:
- Շնորհավորո’ւմ եմ Կատյա:
- Շնորհակալություն:
- Ինչպե՞ս կբնութագրես Սերգեյին, ինպիսի՞ն է նա առօրյա կյանքում:
- Սերգեյը ռոմանտիկ է, անչափ հոգատար և ուշադիր: Երբ ինչ-որ դժվարության մեջ եմ, միշտ ոգևորում և քաջալերում է ինձ: Իսկական օպտիմիստ է: Նրա կողքին ես ինձ երջանիկ եմ զգում:
- Ինպե՞ս եք սիրում անցկացնել ձեր ազատ ժամանակը:
- Մենք պոեզիայի սիրահարներ ենք և հաճախ ժամանակը անցկացնում ենք ընթերցելով, ասմունքելով: Վերջերս հաճույքով ընթերցեցինք Պուշկինի Եվգենի Օնեգինը: Նաև երաժշտության սիրահարներ ենք: Ես դաշնամուր և կիթառ եմ նվագում: Սերգեյը նույնպես սովորում է նվագել կիթառ: Երբ ընկերություն էինք անում, լինում էր Սերգեյը զանգահարում էր ինձ և մենք կույր շախմատ էինք խաղում: Բնականաբար այդ հանդիպումները ավարտվում էին Սերգեյի հաղթանակով:
- Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ընտանիքը: Երեխաներով լի, թե մեկ երեխան բավական է: Եվ կցանկանաս արդյոք, որ ձեր երեխաները նույնպես շախմատիստ դառնան:
- Կուզեի ունենալ աղջիկ և տղա, մեկ երեխան կարծում եմ քիչ է: Կցանկանայի, որ երեխաներս նույնպես շախմատիստ դառնային, բայց Սերգեյն այդպես չի մտածում:
- Ինչպե՞ս են գործերը խոհանոցում, պատրաստել սիրո՞ւմ ես:
- Այո սիրում եմ: Մայրիկիցս սովորել եմ պատրաստել համեղ ճաշատեսակներ` հատկապես ուկրաինական ճաշեր: Սերգեյին դուր է գալիս: Նա շատ է սիրում միս և քաղցրավենիք:
- Պատմիր մի փոքր քո մասին:
- Ես սովորում եմ Կիևի լեզվաբանական ինստիտուտում, արդեն երկրորդ կուրս եմ: Բայց ինձ ավելի հոգեհարազատ է շախմատ խաղալը և Սերգեյը ինձ քաջալերում է այդ հարցում: Ընդհանրապես մեր ընտանիքում բոլորը շամատի մեծ սիրահարներ են: Քույրս միջազգային գրոսմայստեր է, հայրս ու մայրս հաճախ երեկոները անցկացնում են շախմատի խաղատախտակի առջև:
- Ուրեմն նրանք ուրախ կլինեն, որ քո կողքին Սերգեյն է:
- Այո, նրանք մեծ հավանություն տվեցին իմ ընտրությանը: Ես նույնպես ուրախ եմ, որ ամուսնացել եմ շախմատիստի հետ: Կարծում եմ, երբ ամուսինները զբաղվում են նույն գործով, նրանց ավելի հեշտ կլինի հասկանալ մեկ մեկու:
- Կատյա, շնորհակալություն հարցազրույցի համար: Ցանկանում եմ ձեզ միշտ տեսնել այսպես երջանիկ և կյանքով լեցուն:
|