Հարցազրույց Իվան Չեպարնովի հետ |
-Իվան, Գրան Պրիի այս մրցաշարը նվիրված է մեծն Տիգրան Պետրոսյանի 80 ամյակին և հետաքրքիր է իմանալ քո կարծիքը նրա մասին:
-Տիգրան Պետրոսյանը, ինչ խոսք, հետաքրքիր շախմատիստ էր: Նա աշխարհի չեմպիոն էր, դրանով ամեն ինչ ասված է: Բացի դիրքային խաղից նա նաև շատ լավ էր կողմնորոշվում հաշվարկային դիրքերում, զարմանալի է, թե ինչու նա ավելի հաճախ չէր ձգտում սրությունների: Կարելի էր հատուկ մրցանակ սահմանել Տիգրան Պետրոսյանի անունով, թե ով ավելի շատ ոչ ոքի կանի (ծիծաղում է):
-Բայց քեզ հավանաբար ավելի հոգեհարազատ կլինի Տալի խաղը:
-Բոլոր ժամանակների իմ նախընտրած շախմատիստը Ֆիշերն է, նաև Կասպարովը: Նա պարզապես լեգենդ է: Մյուս աշխարհի չեմպիոնները ուժեղագույնն էին իրենց ժամանակում, իսկ Կասպարովը քսան տարի իշխում էր շախմատային աշխարհում, հաղթելով մի քանի սերունդների:
-Իսկ սիրո՞վ ես խաղում Ֆիշերի շախմատ:
-Ես երբեք չեմ խաղացել Մայնցում, միայն մի քանի բլից պարտիաներ եմ անցկացրել: Ինչ խոսք հետաքրքիր է, բայց այդ ուրիշ խաղ է, տարբերությունը շատ մեծ է: Գուցե գա մի օր, երբ մեր շախմատը կսպառի իրեն, այդ ժամանակ կարելի է խաղալ Ֆիշերի շախմատ, բայց հիմա ես սիրում ու նախընտրում եմ այն, ինչ ունենք:
-Լիովին վստահո՞ւմ ես շախմատային ծրագրերի տված գնահատականներին:
Իհարկե հաճախ չեմ համաձայնվում գնահատականի հետ: Լինում են դիրքեր, երբ համակարգիչը կտրուկ գնահատական է տալիս, բայց խորը վերլուծությունը հակառակն է ապացուցում: Օրինակ հայտնի Թոփալով-Կրամնիկ պարտիայում, խաղացված Կորուս 2008 մրցաշարում, երբ Թոփալովը զոհաբերեց ձին 12 Ձf7, համակարգիչը ոչ մի կերպ չի հասկանում այդ քայլը: Բայց երկար քննարկումները ցույց են տալիս, որ դիրքը բոլորովին էլ պարզ չի:
-Առջևում Անանդ-Թոփալով մրցախաղն է: Ի՞նչ կասես դրա մասին:
Այո, սպասվում է շատ հետաքրքիր մրցախաղ: Երևի իմ կարծիքը օբյեկտիվ չի լինի, բայց կարծում եմ Թոփալովը ունի հնարավորություն հաղթելու: Իսկ թե ում համար եմ ցավելու, բոլորի համար էլ պարզ է:
-Դու կօգնե՞ս այդ մրցախաղում Թոփալովին:
-Դա դեռ գաղտնիք է:
-Որքանո՞վ է հեշտ քեզ համար սկսել մրցաշարը: Շա՞տ ես լարվում առաջին պարտիայի ժամանակ:
-Մրցաշարը գրեթե միշտ հեշտությամբ եմ սկսում: Առաջներում մի փոքր հուզվում էի, բայց հիմա անհամբերությամբ եմ սպասում մրցաշարի սկսվելուն` առաջին պարտիային: Իսկ վերջում լինում է հոգնում եմ և արդեն ուզում եմ տուն վերադառնալ:
-Ինչ ես կարծում, ի՞նչ պետք է անել շախմատը ավելի մասսայական դարձնելու համար:
-Իմ մենեջերի` Սիլվիո Դանաիլովի քայլերը ուղղված են հենց այդ նպատակին ծառայելու համար: Լավ է, որ կա այս օրենքը, երբ մրցակիցները չեն կարող ոչ ոքի առաջարկել և պետք է պայքարեն մինչև վերջ: Կարծում եմ հանդիսատեսների համար ավելի հետաքրքիր է, երբ ժամակարգը կարճ է լինում և գործողություները արագ ընթացք են ունենում: Իհարկե խաղի որակը տուժում է այս դեպքում, բայց հանդիսատեսները գոհ են մնում: Այդպես էր, օրինակ, Սոֆյայի մրցաշարում: Մասնակիցները մրցում էին այգում, ապակեպատ սրահում, ժամակարգը կարճ էր և մարդկանց համար հետաքրքիր էր հետևել խաղի ընթացքին: Իմ մեջ տպավորվել է նաև Մեքսիկայում անցկացվող Մորելիա-Լինարես մրցաշարերը: Ես այդքան մեծ շախմատային բազմություն չեմ տեսել:Մարդիկ գալիս էին, դիտում էին խաղերը, ինքնագրեր էին վերցնում: Հաճելի է, երբ այդպիսի մթնոլորտ է տիրում:
|