|
|
Հարցազրույց Վասիլի Իվանչուկի հետ |
Նշեմ, որ հարցազրույցը եղել է վերջին տուրից մեկ օր առաջ: Զրույցի ընթացքում Վասիլի Իվանչուկը խոստովանեց, որ չի սիրում հարցազրույցներ տալ, այնպես որ այս մեկը կարող ենք բացառիկ համարել: Այն անցավ ընթրիքի սեղանի շուրջ, ջերմ մթնոլորտում, որին ներկա էր նաև նրա մարտավկան` մեքսիկացի գրոսմայստեր Լեոն Հոյոսը:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը:
-Հետաքրքիր պատմություն է: 2007 թվականին ինձ հրավիրեցին Մեքսիկա` Մորելիա միաժամանակյա խաղաշարեր անցկացնելու և դասախոսություններ կարդալու համարր: Մտածեցի ինչ լավ է, կգնամ, լավ ժամանակ կանցկացնեմ, կլիցքաթափվեմ, նույնիսկ համակարգիչս չվերցրեցի: Միևնույն ժամանակ պետք է անցկացվեր Մորելիա-Լինարես մրցաշարը: Եվ հիշու՞մ եք, որ վերջին պահին Ռաջաբովը հրաժարվեց խաղալուց և կազմակերպիչները ինձ առաջարկեցին մասնակցել մրցաշարին: Այդպիսի առաջարկից չէի կարող հրաժարվել և շտապ սկսեցի փնտրել մարտավկայի, որ գոնե համակարգչով կարողանար օգներ: Ինձ առաջարկեցին Լեոնին և նա օգնեց ինձ այդ մրցաշարում: Մեր համագործակցությունը դրանով չավարտվեց: Մի քանի մրցաշարերի եմ մեկնել նրա հետ և ահա այստեղ նունպես նրա հետ եմ եկել:
-Դուք շատ եք խաղում , գրեթե առանց դադարի: Դժվար չ՞է արդյոք:
-Իհարկե դժվար է, հոգնում եմ: Բայց ես սիրով եմ խաղում: Շախմատը իմ կյանքում մեծ դեր է խաղում, եթե մրցաշարեր էլ չկան, աշխատում եմ շախմատի վրա:
-Իսկ եղե՞լ է, երբ ցանկացել եք թողնել շախմատը:
- Այդպիսի լուրջ մտադրություն չեմ ունեցել: Բայց, իհարկե, եղել է երբ վատ անցկացրած պարտիայից կամ մրցաշարից հետո զգացմունքների ազդեցության տակ ասել եմ, սա վերջն է, այլևս ոչ մի պարտիա, բայց անցելէ ժամանակ, հանգստացել եմ և նորից գործի անցել:
-Ինչի՞ հետ կհամեմատեք այն զգացումները, երբ գեղեցիկ հաղթանակ եք տոնում:
-Ինչ խոսք, մեծ բավականություն եմ ստանում: Կհամեմատեի անթերի նկարած կտավի հետ, երբ մարդիկ նայում ու հիանում են:
-Իսկ դուք նկարու՞մ եք:
-Ոչ, բայց եթե ժամանակ լինում է սիրով այցելում եմ պատկերասրահներ:
-Ժամանակ գտնու՞մ եք սպորտով զբաղվելու համար:
-Վերջերս հազվադեպ է պատահում: Հասկանում եմ, որ անհրաժեշտ է, բայց ժամանակս չի ներում, մրցաշարերը շատ են: Այստեղից հետո գրեթե մեկ ամիս հանգիստ ունեմ, գուցե ստացվի:
-Իսկ այստեղ ազատ ժամանակը ինչպե՞ս եք անցկացնում:
-Բնությունը այստեղ շատ գեղեցիկ է և ես հաճույքով զբոսնում եմ բնության գրկում: Նաև մարտավկայիս հետ նարդի եմ խաղում: Գիտեմ, որ Հայաստանում նարդին սիրված խաղ է:
-Դուք հասել եք մեծ հաջողությունների, այլևս ի՞նչ բարձունքների եք ձգտում:
-Կարծում եմ, եթե մտածել, որ հասել ես մեծ հաջողությունների, այլևս դժվար է առաջ շարժվել: Ես անցյալի մասին չեմ մտածում և փորձում եմ մոռանալ իմ նվաճումները` ավելիին հասնելու համար:
-Կարծում եմ Ձեր կյանքում շատ կլինեն դեպքեր, երբ առօրյայում հանկարծակի հետաքրքիր շախմատային գաղափարներ են ծնվում:
-Այո, լինում են: Ռուսական մի երգում կան այսպիսի բառեր «սերը գալիս է այն ժամանակ, երբ ընդհանրապես չես սպասում», այդպես էլ շախմատային մտքերն են: Նույնիսկ երազներում են հայտնվում:
-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կարող եք հիշել:
-Իմ մեջ տպավորվել է այս պատմությունը: Պատրաստվում էի Դորտմունդի մրցաշարին և որոշեցի, որ Կրամնիկի հետ պետք է Բոտվիննիկի տարբերակը խաղամ և օրերով վերլուծում էի այն: Եվ ահա երազումս տեսնում եմ, որ պարտիայում ստացվում է Մեռանի տարբերակը և ես կանգնում եմ մեծ դժվարությունների առջև: Կարևորություն չտվեցի երազին, քանի որ Կրամնիկը հազվադեպ էր կիրառում այդ տարբերակը: Եվ ահա խաղում ենք պարտիան ու հակառակորդս ընտրում է հենց Մեռանը: Պարտիան տևեց ընդամենը 19 քայլ, ես պարտություն կրեցի և դրանից հետո արդեն լուրջ եմ վերաբերվում երազներին: Ցավալին նաև այն էր, որ հակառակորդս ներկա էր եղել Խալիֆման-Բարեև պարտիայի վերլուծությանը, որտեղ քննարկվել էր այն սխալ քայլը, որը ես թույլ տվեցի:
-Հաճա՞խ եք օգտվում համակարգչից:
-Համակարգիչը հիմնականում ինֆորմացիայի աղբյուր է ինձ համար: Լինում են նաև դրություններ, երբ ժամանակ կամ տրամադրություն չեմ ունենում ինքս վերլուծելու, այդ դեպքում էլ, պատահում է, որ դիմում եմ համակարգչի օգնությանը:
-Ի՞նչ կասեք Անանդ-Թոփալով մրցախաղի մասին: Դուք բազմաթիվ պարտիաներ եք անցկացրել նրանց հետ, ունե՞ն նրանք արդյոք թույլ կողմեր:
-Յուրաքանչյուրն էլ կարող է հաղթել այս մրցախաղում: Իսկ թույլ կողմեր իհարկե ունեն: Ոչ ոք անպարտելի չէ:
-Եվ վերջում մրցաշարի մասին: Ինչպե՞ս է այն անցնում:
-Մրցաշարը, ինչ խոսք, շատ ուժեղ կազմ ունի: Պարտիաների մեծ մասը լարված են անցնում, լինում են վեց-յոթ ժամանոց պարտիաներ: Հետաքրքիր է խաղալ, հատկապես, երբ կազմակերպիչները բոլոր պայմանները ստեղծել են մասնակիցների համար: Մի մասը ստեղծել են կազմակերպիչները, մյուս մասն էլ բնությունը: Այստեղ իրոք ամեն ինչ հրաշալի է:
-Շնորհակալություն ջերմ զրույցի համար: Հաջողություն եմ ցանկանում:
Հարցազրույցը վարեց Լիլիթ Մկրտչյանը:
|
|
|
|